ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են վերսկսել համատեղ զորավարժությունները

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են վերսկսել համատեղ զորավարժությունները



ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել Սինգապուրում, որոնց արդյունքում պայմանավորվել են վերսկսել համատեղ զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նոբուո Կիսին՝ ամփոփելով ամերիկացի և հարավկորեացի գործընկերների հետ քննարկումները։
«Մենք գիտակցում ենք Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև փոխգործակցության կարևորությունը, իսկ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին այդ գործակցությունն առավել կարևոր է, քան երբևէ»,- նշել է Կիսին:
Նախարարները վճռականորեն դատապարտել են ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները՝ դրանք որակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ուղղակի խախտում և սպառնալիք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Կողմերը պայմանավորվել են վերսկսել 2017 թ. կասեցված՝ բալիստիկ հրթիռների արձակման արձագանքմանն ուղղված համատեղ վարժանքները:

Տարեսկզբից Փհենյանն արդեն իրականացրել է ավելի քան 15 հրթիռային փորձարկում, ներառյալ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպի փորձարկումները: