ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության երեք հնարավոր ելքերը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության երեք հնարավոր ելքերը



ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Spatator-ին տված հարցազրույցում նշել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը։
Նրա խոսքով՝ առաջին սցենարով ենթադրվում է, որ ռուսական զորքերը կմնան իրենց դիրքերում։ Քաղաքական գործիչն ասել է, որ այս դեպքում Ռուսաստանը «կստանա Ուկրաինայի 20 տոկոսը» և Դոնբասի մեծ մասը, հիմնական արդյունաբերական և գյուղատնտեսական տարածքները, Սև ծովի երկայնքով հողատարածքը։ Քիսինջերի կարծիքով՝ նման տարբերակը նշանակում է ռուսական կողմի հաղթանակ։
Երկրորդ սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանին «փորձելու են դուրս մղել» Ղրիմից։ Քաղաքական գործիչը կարծում է, որ այս դեպքում կծագի «Ռուսաստանի հետ պատերազմի հարցը»։
Երրորդ սցենարը նախատեսում է, որ Ուկրաինան կկարողանա «զսպել Ռուսաստանին», առճակատման գիծը «մղել» մինչև հատուկ գործողության սկսման սահմանները, ինչը կնշանակի Մոսկվայի պարտություն։ Այս դեպքում, ըստ Քիսինջերի, Կիևը կվերազինվի, սերտ կապեր կհաստատվեն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև, կամ պետությունը կդառնա դաշինքի մաս։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը վստահ է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մտադիր է կյանքի կոչել երրորդ տարբերակը։ Քաղաքական գործիչն այս սցենարն անվանել է «նշանակալի ձեռքբերում» արևմտյան պետությունների համար։ Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն էլ ավելի կուժեղանա Ֆինլանդիայի ու Շվեդիայի համալրմամբ, իսկ Ուկրաինան կունենա «Եվրոպայում ամենամեծ ցամաքային ուժերը»։
Դեռևս մայիսին Քիսինջերն Ուկրաինային հորդորել էր գնալ տարածքային զիջումների՝ բախումից խուսափելու համար, ինչը բուռն արձագանք էր առաջացրել Կիևում:

Դիվանագետն ասել է, որ եթե կողմերի միջև բանակցությունները չվերականգնվեն, «ցնցումներ կսկսվեն» և «լարվածություն կստեղծվի, որը հաղթահարելը հեշտ չի լինի»։