Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ է ունեցել Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։
Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորել են դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ ք. Մոսկվա) համատեղ ջանքերով կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և խորացման հեռանկարերը՝ կարևորելով երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման համար պայմանների ստեղծումը:
Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։
Զրուցակիցները ձեռք են բերել մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի ստորագրման և երկկողմ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ։