Հոկտեմբերի 24-ի առավոտյան պարզ դարձավ, որ Վրաստան է ժամանել Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, այն էլ պաշտոնական այցով։
Վրաստանի կառավարության ֆբ պաշտոնական էջում հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ Ալիևին ըստ արժանվույն դիմավորել է վարչապետ Ղարիբաշվիլին։ Այնուհետեւ Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն հանդես են եկել ընդհանուր ասուլիսով, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, բանակցային հարթակի ստեղծումը եւ այսօրինակ դիվանագիտական ֆորմալ եզրույթներ։
Ուշագրավ է, որ հապճեպ պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ուղեկցությամբ, պատիվ ունեցավ ներկա գտնվելու Մցխեթայի Մուխրանի դղյակում իր պատվին բացված ցուցահանդեսին, ինչի մասին առաջինը տեղեկացրեց Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջը։ Ցուցահանդեսն անվանելով «Ղարաբաղի խանության ժառանգությունը»։ Տարածված հայտարարության մեջ նշվում է.
«Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն ընտրվել են «Ղարաբաղի խանություն. պատմամշակութային ինքնություն» արտեֆակտների հիման վրա: Դրանց թվում են Ղարաբաղի խանությանը պատկանող դրոշի առաջին հայտնի պատկերը, Ղարաբաղի խանության օրոք պահպանված Շահ Իսմայիլի վահանը, հնագույն գորգերը, Սարդար մզկիթի և նրա ճակատի դեկորատիվ սալիկները, ինչպես նաև 19-րդ դարի Շուշիի պատկերները։
Լուսանկարներ, որոնք պատկերում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Սարդար Խանի պալատի ինտերիերն ու ճակատը, 19-րդ դարի ձիու թամբը, երկու թառ և եռալար քամանչա, Հասան Գուլու Խան Քաջարի և Ֆաթալի Շահ Քաջարի դիմանկարները՝ հեղինակած Միրզայի Գադիմ Իրավանի կողմից։
Գիրքը «Ղարաբաղի խանություն. Պատմական և մշակութային ինքնություն» հեղինակային խմբի ղեկավար, պրոֆեսոր Էլդար Նադիրաձեի կողմից ներկայացված է ավելի քան 300 արտեֆակտ, որոնք պատկանում են Ղարաբաղի խանությանը։ Դրանք հավաքվել են 19-րդ դարում ցարական Ռուսաստանի կողմից Ղարաբաղում ռազմական և գիտական արշավների ժամանակ և ներկայումս պահվում են Վրաստանի ազգային թանգարանում։ Թանգարանի արխիվին հանձնվելուց հետո արտեֆակտները ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չբացվեցին և ավելի քան 100 տարի մնացին չգրանցված:
Հրատարակության տեսքով ցուցակագրված և մատուցվող այս հավաքածուն իբր հազվագյուտ մշակութային ժառանգության ցուցիչ է, որը կնպաստի Ադրբեջանի պատմության անբաժանելի մաս հանդիսացող Ղարաբաղի խանության և նրա հարուստ մշակութային ժառանգության նկատմամբ միջազգային հետաքրքրության աճին»,-նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այս նյութը Ադրբեջանի նախագահի այցը Վրաստան լուսաբանող առաջին տեղեկությունն էր ադրբեջանական պաշտոնական հրապարակման մեջ, այն ինչ Վրաստանի կառավարությունը ցուցահանդեսին ներկա գտնվելը ներկայացրել է որպես նախագահի այցի ոչ պաշտոնական մաս։
Ավելի ուշ Վրաստանի կառավարության ֆբ էջը եւս տարածում է հայտարարություն, որը նկատելիորեն տարբերվում է ադրբեջանական կողմի հաղորդած տեղեկությունից։ Վրաստանի կառավարության fb էջում նշվում է.
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցի ոչ պաշտոնական մասը տեղի է ունեցել Մցխեթայում՝ «Չատտո Մուխրանում»։ Հյուրերը մասնակցել են վրացական ավանդական ուտեստների պատրաստման գործընթացին։
Պատվիրակության պատվին հնչել են վրացական ավանդական պարեր։
Իրակլի Ղարիբաշվիլին և Իլհամ Ալիևը դիտել են Վրաստանի ազգային թանգարանի հավաքածուում պահպանվող ադրբեջանական մշակութային ժառանգության լուսանկարները, որոնք պատկերում են տարբեր սոցիալական շերտերի ադրբեջանցիների գոյությունն ու վարպետությունը։ Նշված հավաքածուն առնչվում է 1852 թվականին Վրաստանում՝ Թբիլիսիում հիմնադրված Կովկասի թանգարանին։
Հավաքածուի հարստացումն ու ուսումնասիրությունն իրականացվել է բազմաթիվ գիտարշավների և նվիրատվությունների միջոցով։ Նշված հավաքածուն Վրաստանի ազգային թանգարանի թիմը ադրբեջանցի գործընկերների հետ միասին ներկայացրել է Բաքվի Հեյդար Ալիևի Կենտրոն»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Վրաստանի հայ համայնքային հարթակ կազմակերպության ղեկավար Գիորգի Թումասյանի հետ։ Ըստ նրա Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը հայ-վրացական դիվանագիտական հարաբերություններում արհեստական սեպ խրելու քայլ է, ինչի մեղավորներից է Վրաստանի կառավարության անհետեւողական կեցվածքը։
«Վրաստանի կառավարության հրապարակած լուսանկարներում երեւում է ցուցահանդեսի անվանումը, որն է՝ «Վրաստանի ազգային թանգարանում ադրբեջանական մշակույթի արտեֆակտներ», իսկ Ադրբեջանի նախագահի էջում տարածված հայտարարության մեջ շեշտվում է «Ղարաբաղի խանություն. պատմամշակութային ինքնություն» անվանումը, որը խիստ տարբերվում է ցուցահանդեսի պաշտոնական անվանումից։ Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը, ի դեմս նախագահ Ալիևի այս ցուցահանդեսը ներկայացրել է իր ցանկությամբ, ինչը ենթադրելի է դիվանագիտական սկանդալ ստեղծելու նպատակն է հետապնդում։ Քանի որ Վրաստանը հաշվի առնելով Արցախյան հակամարտությունը չէր ներկայացնի, ինչպես ադրբեջանցիներն են կոչում ալբանական մշակույթ, քանի որ Ադրբեջանը այդպիսի բնութագրում է տալիս վրացական հնագույն համալիրներից Դավիթ Գարեջիի վանքին եւս։ Այս փաստերը հաշվի առնելով վրացական կողմը Ղարաբաղի խանության մասին ցուցահնդես կազմակերպելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերություններում լուրջ խնդիր կարող էր առաջացնել»:
Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը հետեւայլ դիրքորոշումն է հայտնում.
«Այդօրինակ ցուցահանդեսի վարչապետ Ղարիբաշվիլու մասնակցությունը գնահատում եմ բացասական, քանի որ հայկական կողմը երբևէ չէր մասնակցի այնպիսի ցուցահաբդեսի կամ միջոցառման, որը կհակասեր Վրաստանի պետական շահերին։ Հայաստանը զգուշավորությամբ է մոտենում Աբխազիային կամ Օսեթիային վերաբերող հարցերին եւ կարծում եմ Վրաստանը եւ պետք է դրսեւորի նման նրբանկատություն։ Այլ ով, եթե Վրաստանի պատմաբանները պետք է իմանան, թե ովքեր են Արցախի իրական բնակիչներն ովքեր են եղել եւ ում է պատկանել։ Վրաստանը եւ Իրանը եզակի պետություններ են, որոնք քաջածանոթ են Արցախի եւ հայ ժողովրդի պատմությանը, Վրաստանում գիտեն որ Արցախյան մշակույթի կրողը հայերն են եւ այստեղ «Ղարաբաղյան խանություն» թեմայով ցուցահանդես ներկայացնելը, որը առընչվում է Ադրբեջանական մշակույթի հետ, նաև պատմական փաստերի խեղաթյուրում է։ Եթե վրացական կողմը ցուցահանդեսին այլ անվանումներ է տալիս դա չի նշանակվում, որ այնտեղ Արցախը չի ներկայացված եղել, որպես ադրբեջանական մշակութային ժառանգության մաս»,-ասում է Այվազյանը։
Թեմայի վերաբերյալ առկա փաստերը դիտարկելով եզրակացությունը մեկն է Վրաստանի կառավարության տարածած հայտարարությանը չի համապատասխանում ադրբեջանական կողմի հայտարարությունը։ Իսկ թե ի՞նչ հետեւանքներ է ունենալու Ադրբեջանի նախագահի սեփական ցանկությունը իրականության փոխարեն ներկայացվող նյութը դեռ անորոշ է։