Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի, 177-ը փրկվել են, 2-ը համարվում են անհետ կորած: Ողբերգության միաժամանակ երկու պատճառ է նշվում. նախ՝ կախովի ամրությունները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը, իսկ դեպքի պահին կամրջի վրա եղել է մոտ 500 մարդ, և ամրությունները պոկվել են հենասյուներից: Մյուս պատճառը, ինչպես երևում է NDTV հեռուստաալիքի տեսանյութում, այն է, որ կախովի կամրջի վրա կանգնած այցելուները միտումնավոր ցնցել են առանց այն էլ գերծանրաբեռնված կառույցը, ի հետևանք 350 մարդ հայտնվել է ջրում։
Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները գրեթե ավարտված են։ 177 մարդուց 19-ի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, նրանք փոխհատուցում կստանան: Վարչապետը նաև խոստացել է հետաքննել միջադեպը:
Կամուրջը բացվել էր հոկտեմբերի 26-ին՝ վերակառուցումից հետո։ Այն վերանորոգել է մասնավոր ընկերությունը, որն իշխանություններին չի տրամադրել կառույցի «որակի վկայական», ինչը, սակայն, չի խանգարել իշխանություններին արգելելու այցելուների մուտքը կամուրջ: