Հայաստանի և Լիտվայի ՍԴ նախագահները քննարկել են սահմանադրական արդարադատության ոլորտում կապերի ընդլայնումը

Հայաստանի և Լիտվայի ՍԴ նախագահները քննարկել են սահմանադրական արդարադատության ոլորտում կապերի ընդլայնումը


2022 թվականի հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեի հետ:

 

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների բարձր դատարանների ղեկավարներն անցել են ընդլայնված կազմերով աշխատանքային հանդիպման:

 

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակության այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը:

 

Դանուտե Յոչիենեն ողջունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ ներքին բարեփոխումները և նշել, որ իր երկրի բարձր դատարանը պատրաստ է կիսվել իր կուտակած փորձով և օժանդակություն ցուցաբերել Հայաստանի դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին:

 

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի հրավերի ու Վիլնյուսում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարգանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս առնչությամբ Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է սահմանադրական արդարադատության ոլորտում կապերի ընդլայնումը և իրավունքի գերակայության ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը միտված քայլերը:

 

Աշխատանքային քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում անհատական սահմանադրական դիմումի ինստիտուտին և սահմանադրական դատարանների կողմից ընդունված որոշումները հանրությանը հաղորդակցելու առանձնահատկություններին:

 

Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը գրառում է կատարել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև Դանուտե Յոչիենեի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լիտվայի սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, գրադարանում և աշխատանքային սրահներում:

 

Վիլնյուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահի, արդարադատության նախարարի և Գերագույն դատարանի նախագահի պաշտոնակատարի հետ: