ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գլխավորությամբ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու արցախահայության անվտանգությունը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման՝ տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձախմբից։
Կոնգրեսականները Սպիտակ տան ղեկավարին հորդորել են դադարեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և վերսկսել արցախահայությանը ցուցաբերվող մարդասիրական օգնությունը:
Նամակում նշվում է, որ եթե Արցախի շրջափակումը շարունակվի, մարդասիրական աղետն անխուսափելի կդառնա և ողբերգական հետևանքներ կունենա։
«Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն խախտում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որում ներառված էր պարտավորություն՝ ապահովելու քաղաքացիների, մեքենաների և բեռնատարների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»,- նշված է նամակում:
Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել՝ օգտագործել հնարավոր ամեն գործիք՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնելով ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին, և սահմանել պատժամիջոցներ։