Ուկրաինան չի հրավիրվել Դելիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Հնդկաստանի ԱԳՆ

Ուկրաինան չի հրավիրվել Դելիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Հնդկաստանի ԱԳՆ



Ուկրաինան հրավիրված չէ G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին Դելիում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ արդեն հրապարակվել է G20-ի անդամ պետությունների և հրավիրված երկրների ցանկը։
«Ես չեմ կարծում, որ Ուկրաինան այդ ցուցակում է: Եթե փոփոխություն լինի, կտեղեկացվի»,- ասել է Բագչին:
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հնդիկ քաղաքական գործչին նա մաղթել է արդյունավետ նախագահություն G20-ում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Կիևին մարդասիրական օգնության և ՄԱԿ-ում աջակցության համար։

Ի տարբերություն Հնդկաստանի` Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինայի նախագահին հրավիրել՝ առցանց ձևաչափով մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում։ Ինչպես նշում է Nikkei Asia թերթը, Տոկիոն ակնկալում է, որ Ուկրաինայի ղեկավարը  Յոթի խմբի երկրների առաջնորդներին մանրամասներ կներկայացնի ներկա զարգացումների վերաբերյալ։