Ուզբեկստանի նախագահը մի շարք մարդկանց ազատել է պաշտոնից՝ սաստիկ ցրտին վատ նախապատրաստելու համար

Ուզբեկստանի նախագահը մի շարք մարդկանց ազատել է պաշտոնից՝ սաստիկ ցրտին վատ նախապատրաստելու համար



Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնանկ է արել Տաշքենդի քաղաքապետ Ջահանգիր Արտիկհոջաևին, էներգետիկայի փոխնախարար Շերզոդ Հոջաևին և «Ջերմային էլեկտրակայանների» ղեկավար Ֆարհոդ Աբդուրահմանովին՝ ձմեռային սեզոնին վատ նախապատրաստվելու համար: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը:
Ուզբեկստանի նախագահի խոսքով՝ երկրում սաստիկ ցրտի պայմաններում, երբ օդի ջերմաստիճանը հասնում է -40-ի, մայրաքաղաքի բնակչությունը դժգոհ է գազի և էլեկտրականության ապահովումից, ինչպես նաև կոմունալ ծառայությունների որակից: Միայն մեկ օրում Տաշքենդում շարքից դուրս են եկել բարձր լարման 7 տրանսֆորմատորներ, իսկ ցածր լարման՝ 524:

Երկրի Պետական անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը հանձնարարվել է հետաքննել աշխատանքից ազատված պաշտոնյաների գործունեությունը և օրենքի խախտումների դեպքում նրանց պատասխանատվության ենթարկել: