Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադարձել է է Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նա հիշեցրել է, որ երեկ խոսել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ «Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի համար։ Դրանով մասնավորապես ամրագրված է, որ այդ ճանապարհով ռազմական նշանակության բեռներ չպետք է փոխադրվեն»,- նշել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը, նաև հավելել, որ Ադրբեջանը Ռուսաստանին տվյալներ է հաղորդել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել Արցախ։ Նրա խոսքով՝ կան շատ փոխադարձ մեղադրանքներ, և ռուսական կողմն այժմ ուսումնասիրում է հաղորդված տվյալները։
«Մենք առաջարկել ենք պարզ բան՝ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ համաձայնությամբ լիազորված է վերահսկելու երթևեկությունը, ունի բոլոր հնարավորությունները ստուգելու ցանկացած տրանսպորտային միջոց՝ արգելված, ոչ հումանիտար և ոչ քաղաքացիական ապրանքների փոխադրումը թույլ չտալու համար։ Երեկ կամ նախորդ օրը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպում է տեղի ունեցել: Կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս հարցը կկարգավորվի»,- նշել է Լավրովը։