ԵՄ-ն Հայաստանում երկամյա քաղաքացիական առաքելություն է ստեղծում՝ նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը

ԵՄ-ն Հայաստանում երկամյա քաղաքացիական առաքելություն է ստեղծում՝ նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը



ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը:
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծմամբ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսվում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել լիցքաթափման ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար:
Ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի տեղում իրավիճակի վերաբերյալ Եվրամիության ընկալումները։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։

Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ, իսկ նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ Քաղաքացիական պլանավորման և կարողությունների բաժնի գործադիր տնօրենը: Տեղում առաքելության ղեկավարը կնշանակվի առաջիկայում։