Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում:
«Շվեդիայում այդ կեղտոտ ակցիաները, այն էլ՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության մոտ, համարվում են վիրավորանք թե՛ մահմեդականների, թե՛ ընդհանրապես բոլոր մարդկանց հասցեին, նրանց իրավունքների ու ազատությունների նկատմամբ։ Դուք շարունակում եք օգնել ահաբեկիչներին և սպասում եք աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Այդպես չի ստացվի։ Շվեդիան այլևս չպետք է մեզանից սպասի այդ աջակցությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ Շվեդիան պետք է հարգի Թուրքիայի և բոլոր մուսուլմանների կրոնական զգացմունքները։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ցույցերի պատճառով: Ակցիաներից մեկի ընթացքում աջ ազգայնական գործիչներից մեկը թուրքիայի դեսպանատան դիմաց այրել էր մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը: Թուրքիայի իշխանությունները դատապարտել էին ակցիաների անցկացումը: