Արցախի պետպահուստից առևտրի կետերին մատակարարվող և կտրոնով վաճառվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի փոշին: Հունվարի 21-ից արդեն կտրոնով էին վաճառվում ձեթը, շաքարավազը, մակարոնեղենը, հնդկաձավարն ու բրինձը: Նոր ապրանքատեսակների համար կտրոնների տրամադրման գործընթացը մեկնարկել է այսօր, դրանք կգործեն փետրվարի 21-ից: Ամսվա կտրվածքով մեկ անձի համար նախատեսված է 10 ձու, մեկ տուփ լվացքի փոշի, 4 կիլոգրամ միրգ և 6 կիլոգրամ բանջարեղեն:
Լիանա Ավանեսյան (Արցախի բնակարանային կոմիտեի աշխատակազմի ղեկավար) — Քանի որ միրգ և բանջարեղենը շուտ փչացող ապրանքատեսակներ են, տվյալ կտրոնները բաժանվել են երկու մասի, այսինքն՝ ամսվա կտրվածքով երկու չափաբաժնի՝ 2-ական կիլոգրամ միրգ և 3-ական կիլոգրամ բանջարեղեն:
Կտրոնային համակարգի ներդրման հիմնական նպատակը առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների համաչափ բաշխումն է, ասում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարը: Արմեն Մանգասարյանը նկատում է՝ այս անգամ քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություն չկա, հետևաբար, նաև հերթեր չեն գոյացել:
Արմեն Մանգասարյան (Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար) — Շատ հանգիստ է, հերթեր չկան, բայց մեծ քանակությամբ կտրոններ են տրամադրվում: Երկու պատճառ կա՝ առաջինը, որ արդեն քաղաքացիները հասկացել են` մեկ է, ամեն դեպքում նրանք կստանան իրենց կտրոնը, այսինքն՝ շտապելու խնդիր չկա: Իսկ երկրորդը, որ արդեն հստակ ձևավորված համակարգ կա, և տվյալները մուտք չենք անում ծրագիր, արդեն մուտք արած տվյալներ ունենք:
Կտրոնների տրամադրման նպատակով Ստեփանակերտում բացվել է 18, շրջկենտրոններում` երկուական սպասարկման կետ, իսկ գյուղերում գործին կցվել են համայնքապետարանները: Արցախի բնակարանային կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Գոհար Պողոսյանի խոսքով՝ կտրոնային համակարգը կանոնակարգել է մի շարք ապրանքների գները: Արցախի կառավարությունը սահմանել է առավելագույն շեմ, որից բարձր վաճառք իրականացնելու իրավունք տնտեսավարողները չունեն: