Մակրոնը զգուշացրել է խորհրդարանին կենսաթոշակային բարեփոխումների քվեարկությունից առաջ. BFMTV 16.03.2023 . Միջազգային

Մակրոնը զգուշացրել է խորհրդարանին կենսաթոշակային բարեփոխումների քվեարկությունից առաջ. BFMTV
		16.03.2023 . Միջազգային


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, թե կցրի երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), եթե կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քվեարկությունը ձախողվի՝ հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով կառավարության աղբյուրին։

Հինգշաբթի Ազգային ժողովը վերջնական քվեարկություն կանցկացնի ամբողջ երկրում բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Որոշվելու է կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու հարցը, ինչին համաձայն չէ ֆրանսիացիների մեծամասնությունը։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ ընթացիկ շաբաթը որոշիչ է լինելու կառավարության համար։ Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ չի ցանկանում օգտվել Սահմանադրության 49.3-րդ հոդվածից, որը թույլ է տալիս իշխանություններին՝ օրինագիծ ընդունել առանց խորհրդարանի հավանության, քանի որ արդեն 10 անգամ դիմել է այդ միջոցին՝ անցած աշնանը 2023 թվականի բյուջեի օրինագծերն ընդունելու համար: Նշվում է, որ այս քայլը կընկալվի որպես իշխանության թուլություն, որը չի կարողանում պատգամավորներին համոզել բարեփոխումների՝ անհրաժեշտ լինելու հարցում և հավաքել օրինագծին աջակցելու համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը։