Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն պաշտոնապես ճանաչել է: Ադրբեջանն այս պահին հաստատում է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերության փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելին է։ Իրավապաշտպանների տվյալով՝ ադրբեջանական գերության մեջ է 80 անձ։
«Ընդանրապես այցի հետ կապված մանրամասներ չենք կիսում հանրության հետ, սակայն կարող եմ հաստատել, որ հերթական տեսակցությունը տեղի է ունեցել մարտի սկզբին: Այդ ընթացքում բոլոր պահվող անձանց, որոնց գերեվարումը հաստատված է Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը, տեսակցել են մեր պատվիրակները: Այդ անձանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ այն նույն կապի միջոցներով, որ կիրառվել են մինչ օրս: Դրանց թվում են Կարմիր խաչի նամակները, տրվել է հնարավորություն կատարել հեռախոսազանգեր, ինչպես նաև ընտանիքների հետ փոխանակել տեսագրված ուղերձները, հաղորդագրությունները»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: