Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծել առանց ուժի դիմելու. Աբդոլլահիան

Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծել առանց ուժի դիմելու. Աբդոլլահիան



Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանի իրավիճակին:
«Մենք քննարկել ենք Կովկասում առկա փոփոխությունները, հատուկ ուշադրություն ենք դարձրել այդ հարցին։ Լարվածությունն այս տարածաշրջանում շարունակվում է, և կարծում ենք, դա ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին՝ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին։ Այստեղ, անշուշտ, անհրաժեշտ է շարժվել խաղաղության և կայունության ուղղությամբ, իսկ արտաքին միջամտություններն այս տարածաշրջանում, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելուն ուղղված ջանքերը իրադրությունն էլ ավելի բարդացնելու գործոն են։ Ուստի մենք կարծում ենք, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծենք «3+2» մեխանիզմով, ինչպես նաև արդեն գործող մեխանիզմներով, առանց ուժի դիմելու։ Այս ձևաչափով հանդիպում է կայացել Թեհրանում, այդ հարցում եղել է ընդհանուր կարծիք։

Մենք մերժում ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն ցանկացած հիմնավորմամբ և կարծում ենք, որ պետք է շարժվենք հարցը երկխոսության ու քաղաքական կարգավորման ճանապարհով, բոլոր կողմերը պետք է օգտագործեն հենց այդ ճանապարհը։ Իրանը խորապես համոզված է, որ տարածաշրջանի անվտանգությունը կապված է այլ խնդիրների հետ։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի կայուն խաղաղություն, ընդգրկուն անվտանգություն՝ տարածաշրջանի տնտեսական հնարավորությունների բարգավաճման նպատակով»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը: