Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը ERR-ի հետ հարցազրույցում ասել է, որ երկրի զինված ուժերը հակահարձակում են իրականացնելու մի քանի ուղղություններով:
«Հարձակումն արդեն պլանավորված է մի քանի ուղղություններով, կախված է նրանից, թե որ պահն է ամենահարմարը, ինչպես կորոշեն գլխավոր շտաբում։ Դա կախված է նաև եղանակային պայմաններից։ Գարնանը մեր հողը շատ խոնավ է, կարծում եմ՝ ապրիլ-մայիսին մենք կհարձակվենք»,- ասել է նախարարը։
Ռեզնիկովը նաև նշել է, որ հակահարձակմանը կմասնակցեն Ուկրաինա ժամանած գերմանական Leopard տանկերը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել էր, որ ուկրաինական զորքերը դեռ չեն կարող հակահարձակման անցնել զենքի լուրջ պակասի պատճառով։ Նրա խոսքով՝ Կիևը «գործընկերներից զենքի մատակարարում է ակնկալում»։ Նա «անբարենպաստ» է անվանել իրավիճակը երկրի արևելքում։
Գերագույն ռադայի փոխխոսնակ Ելենա Կոնդրատյուկն էլ չորեքշաբթի հայտնել է՝ Ուկրաինան արդեն օգտագործում է Սլովակիայի փոխանցած կործանիչները:
«Խարկովի երկնքում արդեն հսկում են չորս կործանիչները, որոնք Սլովակիան հանձնել է Ուկրաինային»,- Կոնդրատյուկն ասել է Սլովակիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ և շնորհակալությւն հայտնել այդ երկրին հումանիտար օգնության համար: