Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելեն մի շարք երկրներ՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու ուղիները փակելու աշխատանքի շրջանակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նախարարությանը հղումով։
Պաշտոնական այցերի ցանկում են Շվեյցարիան, Ավստրիան, Ղազախստանն ու Ղրղզստանը, որտեղ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն տեղական իշխանությունների ու բիզնես շրջանի ներկայացուցիչների հետ, որոնք շարունակում են փոխգործակցությունը ՌԴ-ի հետ։
ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունը տվյալ երկրների համար մշակել է հստակ բիզնես որոշում՝ ներգրավված մնալ համաշխարհային տնտեսության մեջ կամ Մոսկվային նյութական աջակցություն ցուցաբերելու դեպքում զրկվել համաշխարհային կարևոր շուկաներ մուտքից։