Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է Fruit Attraction թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերության արտադրանքը։
Ցուցահանդեսին Հայաստանից որպես այցելու մասնակցել են նաև մի շարք այլ ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելու և միջազգային շուկայի հնարավորություններին ծանոթանալու նպատակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության և ագրովերամշակման ոլորտների արտահանման ներուժի զարգացումը, աջակցել է հայկական արտադրող ընկերությունների մասնակցությանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայանալ միջազգային շուկայում, գտնել նոր գործընկերներ և ձևավորել համագործակցության նոր ուղղություններ։
Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունները ձեռք են բերել նոր գործընկերներ, ստորագրվել են համագործակցության պայմանագրեր։
Fruit Attraction-ին Հայաստանի մասնակցությունը կարևոր հարթակ է հայկական գյուղատնտեսական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման, արտահանման շուկաների ընդլայնման և նոր գործարար կապերի ձևավորման համար։
