Շաբաթ օրը Տեխաս նահանգի Դալլաս քաղաքից հյուսիս գտնվող Ալեն քաղաքի առևտրի կենտրոնում 33-ամյա հրաձիգը կրակել և սպանել է 8 մարդու, այդ թվում՝ երեխաների, ևս 7-ը գտնվում են հիվանդանոցում, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է BBC-ն:
Ականատեսների վկայությամբ՝ զինված հանցագործն ինքնաձիգով անկանոն կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են առևտրի կենտրոնից։ Հանցագործին սպանել է ոստիկանը, որը ժամանել էր մեկ այլ զանգով և պատահաբար եղել էր մոտակայքում:
Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը՝ Մաուրիսիո Գարսիան, աշխատել է որպես անվտանգության աշխատակից և նախկինում լուրջ իրավախախտումներ չի արել, բայց կապ է ունեցել ծայրահեղ աջ խմբավորումների հետ:
Կիրակի էլ նույն Տեխասում, ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մոտ գտնվող Բրաունսվիլ քաղաքում, ներգաղթյալների և անօթևանների կենտրոնի մոտակայքում ամենագնացը մխրճվել է ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանց մեջ։ 7 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է: Ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյոք նրա գործողությունը դիտավորությո՞ւն է, թե՞ դա արվել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: