ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկները՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքի շրջանակում ամենավիճահարույց հարցերի լուծման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։
Նրա խոսքով՝ երկու երկրի բանակցային գործընթացում «առաջընթաց կա»։ «Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու որոշ ամենավիճահարույց հարցերի շուրջ, ներառյալ՝ զորքերի դուրսբերումը սահմանային գոտուց, վեճերի լուծման մեխանիզմը, որն ընդգրկված է համաձայնագրում, և որի միջոցով փորձում ենք օգնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերին՝ պաշտպանելու իրենց իրավունքներն ու անվտանգությունը: Սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Մենք մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որոնք երկու կողմին հնարավորություն կտան հաղթահարել տարաձայնությունները»,- հավելել է Հոգանը։