«Այժմ Վրաստանի համար առանցքային պահ է։ Ձեր երկիրը եվրաինտեգրման առումով գտնվում է խաչմերուկում։ Ուստի կարևոր է, որ Վրաստանի և ԵՄ անդամ 27 երկրների միջև երկխոսությունը հնարավորինս ինտենսիվ լինի»,- հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ինչպես Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների այցերը ԵՄ երկրների մայրաքաղաքներ, այնպես էլ եվրոպացի պաշտոնյաներինը՝ Թբիլիսի: Նրա համոզմամբ՝ երկխոսությունը պետք է լինի հնարավորինս ինտենսիվ, որպեսզի 27 անդամ երկրները մինչև տարեվերջ ճիշտ որոշում կայացնեն Վրաստանի եվրաինտեգրման հարցում։
«Ինչպես գիտեք, ներկայումս Եվրահանձնաժողովը զեկույց է պատրաստում Վրաստանի վերաբերյալ, որը պատմության մեջ առաջին անգամ է։ Այս զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին և կներառի առաջարկություններ, իսկ հետո տարեվերջին ԵՄ անդամ երկրների նախագահներն ու վարչապետները կհանդիպեն ու կորոշեն, թե ինչ հետագա քայլեր է պետք ձեռնարկել Վրաստանի դիմումի ուղղությամբ»,- ասել է Գերչինսկին։
ԵՄ դեսպանի կարծիքով՝ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ, բայց կարևոր է, որ «մնացած ժամանակն օգտագործվի կարևոր բարեփոխումներ իրականացնելու և 12 առաջնահերթությունների իրականացման առումով առավելագույն առաջընթացի հասնելու համար»։