Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, նշել՝ հանրությունը մերժում է ապստամբության փորձը, վճռականորեն աջակցում նախագահ Պուտինին:
«Դավադիրների արկածախնդիր ձգտումներն, ըստ էության, ուղղված են նրան, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը Ռուսաստանում, քանդեն մեր միասնությունը, խաթարեն Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված միջազգային անվտանգության հուսալի ապահովմանը։ Այսպիսով՝ ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին։
Զգուշացնում ենք արևմտյան երկրներին՝ զերծ մնալ իրենց ռուսատյաց նպատակներին հասնելու համար ներռուսական իրավիճակի հնարավոր օգտագործման մասին ցանկացած ակնարկից։ Նման փորձերն անհեռանկարային են և արձագանք չեն գտնի ո՛չ Ռուսաստանում, ոչ էլ արտերկրում ողջախոհ քաղաքական ուժերի շրջանում։ Համոզված ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կհանգուցալուծվի»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Արտաքին գերատեսչությունից հավելել են. «Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն ու խնդիրները կկատարվեն»: