Ադրբեջանական գործողությունների՝ մեր կողմից բարձրաձայնվող իրական նպատակներն անտեսելով և իրադարձությունների՝ մեր մեկնաբանությունների վրա աչք փակելով՝ միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներևակայելի ոճրին: Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Միջազգային դատարանն անգամ տեր չկանգնեց Հաագայի դատարանի որոշման կատարմանը: Մի դատարանի, որի ընդունած որոշումը պետք է դիտարկվեր և ընդունվեր որպես քաղաքակիրթ աշխարհի միաձայն և աներկբա որոշում, որի չկատարումը պետք է կարմիր լույսի պես հիմա վառվեր բոլոր պետություններում:
Գիտակցեք՝ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդի էթնիկ զտման գնով»,- ասաց Ներսիսյանը:
Գուրգեն Ներսիսյանը նշեց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած, մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Արցախ էր մտել չնչին քանակի սնունդ, որն ընդամենը բավարարել էր բնակչության նվազագույն կարիքները:
«Ավելի քան 20 օր է՝ արցախցի երեխաները, տարեցները, հղի կանայք զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են տարրական հիգիենայի պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունից: Առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին, իսկ շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից:
Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Հայաստանից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ ընդամենը մի քանի ժամ են ստանում էլեկտրաէներգիա: Այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է:
Ոչ ոք թող չմտածի, որ այս իրավիճակի հանդուրժումը բացասական հետևանք չի ունենալու հավաքական աշխարհի վրա»,- եզրափակեց Ներսիսյանը։