Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր պատիժն ամբողջությամբ պետք է կրի Վրաստանում՝ հայտարարել է երկրի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։
Նա հավելել է, որ կգա ժամանակը, երբ Վրաստանի ժողովուրդը և իշխանությունը միասին կգնահատեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու որոշումը՝ արտաքսել Վրաստանի դեսպանին Կիևից՝ նախկին նախագահի առողջական վիճակի պատճառով:
Ավելի վաղ Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր Վրաստանի դեսպանին հետ ուղարկել Թբիլիսի՝ Սաակաշվիլու հարցով խորհրդակցությունների համար: Վրաստանի ԱԳՆ-ն Կիևի որոշումը համարել է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև, ինչպես նաև միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին: