ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

ԼՂ ԱԳ նախարարը՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին



Նմանատիպ նամակներ պարբերաբար ուղարկվում են ու ոչ միայն ՌԴ նախագահին, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքական գործիչներին: Այս կերպ արձագանքեց ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահի կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակին, ինչպես նաև նրա խնդրանքով կազմակերպված Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին:
Ըստ նախարարի՝ ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրվել ստեղծված իրավիճակի վրա:
«Մենք ակնկալում ենք, որ ռուսական խաղաղապահները նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների շրջանակում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ արգելափակումը վերացվի՝ հաշվի առնելով, որ հունիսի 15-ից այս կողմ հնարավորություն չի եղել ո՛չ պարենային մթերք տեղափոխել, ո՛չ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ, միայն Կարմիր խաչի միջոցով շատ սահմանափակ քանակությամբ դեղորայք է տեղափոխվում, և օր օրի ավելի է բարդանում իրավիճակը ներսում»,- մանրամասնեց նախարարը և ընդգծեց, որ այս հարցում ռուս խաղաղապահներն է, որ պետք է գործադրեն բոլոր անհրաժեշտ քայլերն իրենց իրավասության շրջանակում:
Հարցին ի պատասխան՝ գործադրո՞ւմ են, նախարարը նկատեց, որ եթե գործադրեին, ապա արգելափակում չէր լինի:
«Ադրբեջանական կողմի սադրանքների կարևորագույն նպատակներից մեկը հենց այն է, որ հեղինակազրկեն ռուսական խաղաղապահ առաքելությունը:
Բայց միևնույն ժամանակ պետք է իրատեսական լինենք. այս պահի դրությամբ այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այնքան էլ մեծ չէ կամ այդքան արագ չի կարող տեղի ունենալ: Լուրջ գործընթաց է»,- ասաց նա՝ մատնանշելով նաև առհասարակ միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամը:

Հարցին՝ ի՞նչ է ակնկալում ԼՂ-ն՝ Վլադիմիր Պուտինին դիմելուց հետո ինչ-որ բան տեղի կունենա՞, նախարարը կարճ արձագանքեց. «Մենք սպասում ենք»: