Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։
Նա անդրադարձել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի վերջին քայլերի մասին, նշել՝ Թուրքիան, որ ավելի վաղ ներկայանում էր որպես Ռուսաստանի մտերիմ, փոխում է քաղաքականությունը՝ համաձայնության գալով ՆԱՏՕ-ի հետ Շվեդիայի անդամակցության հարցում, ինչպես նաև «Ազով» գնդի հրամանատարներին Ուկրաինա վերադարձնելով:
Վելայաթին անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով կապի ապահովմանը։
«Շատերն ասում են, որ եթե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերի դյուրացում լինի, ապա չի լինի հարևանների կողմից Հայաստանի տարածքի մեծ հատվածի օկուպացման անհրաժեշտություն։ Բոլոր օբյեկտները, ինչպիսին են գազը, էլեկտրականությունը, տարանցիկ երթուղին և այլն, կարող են հեշտ հասանելի լինել առանց Հայաստանի ինքնիշխանության խախտման»,- գրել է Վելայաթին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն պնդում են այդ ճանապարհի անհրաժեշտության մասին՝ հետապնդելով հետևյալ նպատակները՝ Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի՝ դեռևս Աքեմենյան և Պարթևական կայսրությունների ժամանակներից եկող կապերը: Վելայաթիի կարծիքով՝ դա կսահմանափակի Իրանի կապն արտաքին աշխարհի հետ, կխախտվի կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
«Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն առաջ կբերի երկարաժամկետ լարվածություն»,- հավելել է պաշտոնյան: