Աբովյանագետ Պիոն Հակոբյանի գործը շարունակում է դուստրը․ «Գերդաստաններ»

Աբովյանագետ Պիոն Հակոբյանի գործը շարունակում է դուստրը․ «Գերդաստաններ»

Նա տասնյակ տարիներ ուսումնասիրել է Տարտուի, Կազանի, Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի, Երևանի,Կիևի պետական ու գրական գաղտնի արխիվները, հայտնաբերել Խաչատուր Աբովյանին վերաբերող գերմանալեզու, ռուսալեզու և հայալեզու նյութեր և կերտել իր աբովյանագիտական աշխատությունները։
Նա հանրահայտ գրականագետ Պիոն Հակոբյանն է։ 
1830 թվականի մայիսի 15-ին Կարնո գավառի Նորշեն գյուղից շուրջ 33  գերդաստաններ հասնում են Ախալցխայից քիչ հեռու գտնվող Ծղալթբիլա գյուղ, ստեղծում իրենց բնակավայրը և անվանում Նորշեն։
Այս գերդաստաններից էին Հակոբյանները, որոնց մեջ կային շատ գրագետ, երևելի մարդիկ: Նրանց թվում էր հայտնի աշխարհագրագետ և պատմաբան Հակոբ Կարնեցին՝  Տեր Հովհանը, որը կաթոլիկ հոգևորական էր և կրթություն էր ստացել Լիբանանում։ Հանրահայտ գրականագետ  Պիոն Հակոբյանի պապը Տեր-Հովհանն էր, ասում է գիտնականի դուստրը, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հակոբյանը։
Պիոն Հակոբյանի հայրը՝ Հովսեփ Հովհաննեսի Հակոբյանը, Ծղալդբիլա գյուղի դպրոցի տնօրենն էր։ Նրա անունը բարձր էր հնչում ոչ միայն գյուղում, այլև ողջ Ջավախքի շրջանում, քանի որ իր իմացությամբ օգնում էր նաև այլ գյուղերի ուսուցիչներին և այլ ուսումնատենչ մարդկանց։ Իսկ որդուն՝ Պիոնին, հայրը հետևում էր անընդմեջ և կապում էր իր հսկայական, եզակի գրքերով հարուստ գրադարանի հետ։ Եվ այս գրադարանի կախարդանքն էլ Պիոնին դարձրեց իսկական հետազոտող։
Երիտասարդ տարիներից Պիոն Հակոբյանը մտերիմ էր հորեղբոր՝ բանասեր Պողոս Հակոբյանի հետ, որը նշանակալի դեր ունեցավ նրա կյանքում։ Երբ 1945 թվականին Պիոնն ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, նրանք երբեմն միասին անդրադառնում էին բանասիրական լուրջ հետազոտությունների, իրենց կարծիքն արտահայտում, հաճախ էլ վիճում։ Հորեղբորն ուրախացնում էին Պիոնի հետաքրքիր մոտեցումները։
Գրականության ինստիտուտում աշխատելու տարիներին ծնվեցին այնպիսի աշխատություններ, որոնք լուրջ ներդրում էին աբովյանագիտության մեջ։
1981-ին լույս տեսավ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի՝ բնագրորեն վերջնականապես ճշգրտված գիտական հրատարակությունը, որը բազմաթիվ տպագրությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի և բոլոր  հրատարակությունների հիմքն ու ելակետն է։
Պիոն Հակոբյանն իր դստերը՝ Անահիտին, դեռ մանկուց վարժեցնում էր  գրամեքենային, ծանոթացնում հարուստ գրադարանին, հանձնարարում  աշխատանքներ, որոնք ուղղորդում էին աղջկան դեպի բանասիրությունը։
Աբովյանագիտական աշխատանքները շարունակելով՝ Անահիտն արեց նոր բացահայտումներ՝ արտասահմանյան նոր հայտնաբերված արխիվներից։ Դա  հայտնի արևելագետ Գևորգ Ռոզեի գրառումների մասին էր, որը եղել էր Տփղիսում և  աբովյանական արխիվում նոր գտնված նյութերից կատարել հետազոտություններ։
Պիոն Հակոբյանի և որդու՝ Հայկի միջև մտերիմ ընկերական հարաբերություններ էին։  Հայկը պատանեկության տարիներից անընդմեջ կարդում էր պատմական, գեղարվեստական, հնէաբանական գրքեր։ Նա էլ էր մեքենագրում հայրիկի  հետաքրքիր հոդվածները։ Սիրում էր հնագույն պատմությունը։ Գրականության իմացությունը նրան օգնեց պատկերացում ունենալ հայոց հնագիտության մասին։
Աղբյուր՝  armradio.am