Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը։
«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքում տեղաշարժի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից»,- նշել է Հոլանդը։
Դեսպանի խոսքով՝ որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ և առողջապահություն։
«Մեծ Բրիտանիան հստակ ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին էլ կոչ է անում շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման ուղղությամբ: Մենք ընդունում ենք, որ կարգավորման ցանկացած համաձայնագիր պետք է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Թագավորության նախարարներն այդ հարցը քննարկել են արտգործնախարար Բայրամովի հետ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան ռազմավարական վերջին երկխոսության ժամանակ»,- տեղեկացրել է դիվանագետը, որի խոսքերն է մեջբերում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:
Նա ոգևորություն է հայտնել հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, և հույս հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։