Բելառուսի բանակի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության համատեղ զորավարժությունները սադրանք են։ Այդ մասին լեհական PAP գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է անվտանգության հարցերով Լեհաստանի նախարարների կոմիտեի ներկայացուցիչ Զբիգնև Հոֆմանը։
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հանրապետության տարածքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, անցկացվում են Բելառուսի զինված ուժերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերի համատեղ զորավարժանքներ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումները «Վագների» ներկայացուցիչների հետ մարտական-ուսումնական առաջադրանքներ կկատարեն «Բրեստ» զորավարժարանում՝ մանրամասնել է ռազմական գերատեսչությունը։
«Վագների» մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունների պատճառով Լեհաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել երկրի արևմտյան մասից զորքերը տեղափոխել արևելյան հատված՝ Բելառուսի հետ սահմանին մոտ: Լեհական զորքերի տեղափոխումն արևելյան սահմանին կոչված է «զսպել պոտենցիալ ագրեսորին»,- ասել է Հոֆմանը։
Ըստ Reuters-ի՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն էլ հայտարարել է, որ Գերմանիան և ՆԱՏՕ-ն պատրաստ են աջակցելու Լեհաստանին՝ պաշտպանելու իր արևելյան թևը: