Մենք ունինք դրամատիկական սիրողների ընկերութիւն, որ դատապարտուած է անգործութեան, որովհետև չունի իր մէջ ստեղծագործող ոյժ՝ ներկայացումներ կազմակերպելու և իր կոչմանը ծառայելու: Ունինք Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն, որ պահում է իր փոքրիկ ընթերցարանը, աւելի ոչինչ, սպասում է դրամագլխի ստւարանալուն, որ նրա տոկոսով բարեգործութեան հիմք ձգէ քնքուշ սեռի համար: Կանանց գործունէութիւնից յետ չէ մնում Կ.Հ.Բ.Ը տեղական ճիւղը, որի հաշուէտուութիւնից յայտնուեց, որ անցեալ տարի ունեցել է 58 վճարող անդամներից և այլ նպաստներից և իր ներկայացումներից մուտք 770ր., իսկ ծախսել է 272ր (որոնցից 194ր. բաշխուած տառապեալներին, 36ր. նպաստ ուսումնարաններին և ուսումնառուներին, իսկ 14ր. դիւանական ծախս և 5 տոկոս ֆօնդի): Նախընթաց տարուայ սկզբից մտադրութիւն ունէր խոհարարական դասընթացներ բանալու քաղաքումս, նոյն նպատակն ունէր և կանանց բարեգործական ընկերութիւնը, սակայն չիրականացաւ և չկատարեց ոչ մինը և ոչ միւսը: Գործի, այսինքն ընկերութիւնների ղեկավարները, բոլորն էլ ձեռնհաս և ինտելիգենտ անձնաւորութիւններ են, սակայն կասկածով են վերաբերւում րիսկ անելու, չգիտեմ ո՞ր օրուայ կամ ու՞մ են սպասում:
Մեր կուլտուրական հաստատութիւններից, կարելի է ասել, որ իրանց բուն նպատակին են ծառայում միմիայն քաղաքային հիւանդանոցը և գրադարան-ընթերցարանը, թէև վերջինս շատ աղքատ է նոր գրքերով: Մի մեծ մխիթարական երևոյթ է կազմում նոյնպէս մեր ծխական դպրոցների ուսուցչական խմբի համերաշխ գործունէութիւնը, ձեռք ձեռքի տուած հոգաբարձութեան հետ: Հասարակութիւնը գիտէ գնահատել իր ազնիւ գործիչներին և նա ապացուցեց իր ջերմ համակրական ցոյցերով յարգելի ուսուցչական խմբի կազմակերպած մի քանի ցերեկոյթներին, երեկոյթներին, ժողովրդական հանդէսների և ներկայցումների ժամանակ:
«Հորիզոն», 1910թ., № 58, 16 մարտի
Արմեն Ասատրյան
պատմաբան