Իրանի ԱԳ նախարարը Բաղդադում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության խնդիրը

Իրանի ԱԳ նախարարը Բաղդադում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության խնդիրը



Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բաղդադում Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ Սուդանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսրայելի կողմից Գազայի պաշարման պայմաններում ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Իսրայելին՝ դրանով նպաստելով պաղեստինցիների կոտորածին:
«Նման իրավիճակում մենք կարող ենք տարածաշրջանում նոր իրադարձությունների ականատես լինել: Որոշ երկրների պաշտոնյաներ մեզ հետ հեռախոսազրույցներում հարցնում են տարածաշրջանում նոր ճակատի բացման հնարավորության մասին: Մենք պատասխանել ենք, որ ամեն ինչ կախված է Գազայում Իսրայելի գործողություններից: «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողությունն ամբողջովին պաղեստինյան և ինքնաբուխ գործողություն էր, և Արևմուտքն էլ է ընդգծում, որ այս իրավիճակը ստեղծվել է Նեթանյահուի ծայրահեղական գործողությունների հետևանքով: Իսրայելի հանցագործությունները հիմա էլ են շարունակվում, և տարածաշրջանում նոր ճակատներ բացելու համար մեզանից ոչ ոք թույլտվություն չի հարցնում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Ամիր Աբդոլլահիանը Բաղդադում հանդիպել է նաև Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ ալ Արաջիի հետ: Նա նշել է, որ Իրանը Կարմիր խաչի կոմիտեի հետ մշտական կապի մեջ է և փորձում է նրանց միջոցով օգնություն ուղարկել Գազա: Հանդիպման ժամանակ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը ջանքեր է  գործադրում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ անցկացնելու հարցում: