Մահմուդ Աբբասը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումից հետո

Մահմուդ Աբբասը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հարձակումից հետո



Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ամմանում նախատեսված հանդիպմանը՝ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Ամմանի գագաթնաժողովին նախագահ Բայդենից բացի պետք է մասնակցեին նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին։ Կողմերը պետք է քննարկեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը դադարեցնելու ուղիները, այդ իրադարձությունների հետևանքները տարածաշրջանի վրա և Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելը։
Աբբասի՝ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությունից հետո Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ չեղարկում են Ամմանում նախատեսված գագաթնաժողովը:

Աղբյուրը պարզաբանել է, որ Աբբասն այդ որոշումը կայացրել է՝ ի նշան Գազայի հատվածի հիվանդանոցի վրա հրթիռային հարձակման դեմ բողոքի, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել: Գազայի հատվածը հարվածի համար մեղադրում է Իսրայելին, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած հրթիռից: