Հյուսիսային Կորեան Վոնսան քաղաքից բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ` հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հարավկորեացի և ճապոնացի զինվորականներին։
Հարավային Կորեայի հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռն անցել է ավելի քան 700 կիլոմետր: Սեուլն ուժեղացրել է վերահսկողությունը հրթիռների հետագա փորձարկումների նկատմամբ և նախազգուշացրել, որ հետախուզական տեղեկատվություն կփոխանակի ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ:
Ճապոնիայի առափնյա պահպանությունն էլ հայտնել է, որ օբյեկտը, հավանաբար, բալիստիկ հրթիռ է եղել, որն, ամենայն հավանականությամբ, ընկել է:
Ամերիկյան Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունն էլ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը չի սպառնացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ԶՈւ անձնակազմին կամ տարածքին։ Հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ տեղյակ են եղել հրթիռի արձակման մասին։ ԱՄՆ Զինված ուժերը սերտ կապեր են պահպանում դաշնակիցների և գործընկերների հետ՝ նշել են ամերիկացի զինվորականները։
Սեպտեմբերի 20-ին Հյուսիսային Կորեայի հրթիռային զորքերը նոր տեսակի զենքի փորձարկումներ են անցկացրել։ Նոր սպառազինության մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է արձակմանը և նշել, որ դրանք դարձել են գերժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների ցուցադրություն: Նա նոր համակարգը անվանել է «անհաղթահարելի ուժ»։
