Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մերժե՞լ է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի նշանակումը: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ դիվանագիտական հարցերը, ինչպես ագրեմանի տրամադրումն է, ընդունված չէ հանրայնացնել:
Զախարովան նաև անդրադարձել է հոկտեմբերի 24-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելուն և բողոքի նոտա փոխանցելուն, նշել. «Իր հերթին, հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նրա ուշադրությանն է հրավիրվել Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին առավել օդիոզ հրապարակումներին, որոնք իրենց կյանքն են վտանգի ենթարկում, անգամ՝ կորցնում Հայաստանի ժողովրդի անվտանգության համար: Մատնանշվել է Հայաստանի տեղեկատվական տարածքում շարունակվող սանձարձակ հակառուսական արշավի անընդունելիությունը՝ ներառյալ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Հանրային հեռուստաընկերությունը, ԶԼՄ-ները, տելեգրամի ալիքները։ Վստահ եմ, որ հայկական կողմը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Դա վերաբերում է ոչ միայն հավատարմատարին, այլև հանրությանը՝ ավելի լայն իմաստով»: