Իսրայելի բանակի հարվածները Գազայի հատվածին լեգիտիմ չեն. Մակրոն

Իսրայելի բանակի հարվածները Գազայի հատվածին լեգիտիմ չեն. Մակրոն



Իսրայելի բանակի հարվածները Գազայի հատվածին և քաղաքացիական անձանց սպանությունը լեգիտիմ չեն և արդարացում չունեն՝ BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
«Փաստացի հիմա ռմբակոծում են խաղաղ բնակիչներին։ Դրա համար պատճառ չկա: Տեղի ունեցողը լեգիտիմ չէ։ Այդ պատճառով մենք Իսրայելին կոչ ենք անում կանգ առնել»,- ասել է Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակից միակ ելքը հումանիտար հրադադարներ հայտարարելն է, իսկ հետո՝ կրակը դադարեցնելը: Նախագահը հույս է հայտնել, որ իր կոչը կսատարեն արևմտյան այլ առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Մենք առաջին օրվանից խոսում էինք այն մասին, որ Իսրայելի պատասխան գործողությունները և ահաբեկչության դեմ պայքարի միջոցները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին, քանի որ խոսքը ժողովրդավարական պետության մասին է»,- հավելել է Մակորնը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ դատապարտում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումն Իսրայելի վրա:
Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին արձագանքել է Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության ճակատագրի համար պատասխանատվություն է կրում բացառապես ՀԱՄԱՍ-ը, ոչ թե Իսրայելը:
«Հիշեցնենք, որ Իսրայելը պատերազմի մեջ է մտել, քանի որ ահաբեկչական կազմակերպությունը դաժանորեն սպանել է հարյուրավոր իսրայելցիների և առևանգել ավելի քան 200 մարդու»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելն ամեն ինչ անում է խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու համար և կոչ է անում լքել ռազմական գործողությունների գոտին: