Իսրայելի պաշտպանության բանակի և ՀԱՄԱՍ-ի բախումների հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11 000 մարդ, այդ թվում՝ 4500-ից ավելի երեխա, վիրավորվել է շուրջ 27 500 մարդ, Հորդանան գետի արևմտյան ափին հայտնի է 183 զոհի մասին: Իսրայելն էլ հայտնում է 1200-ի զոհի մասին: Նախկինում իսրայելական կողմը պաշտոնապես հայտնում էր 1400 զոհի մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ երեխա է զոհվում: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ 1,5 միլիոն մարդ էլ լքել է բնակության վայրերը՝ ավելի ապահով տեղ գտնելու հույսով: «Բայց այնտեղ անվտանգ տեղեր չկան»,- հավելել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ մարդիկ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից. հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի առողջապահական կենտրոններն ավելի քան 250 հարձակման են ենթարկվել:
Օրակարգում է նաև ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածների հարցը: Իսրայելական կողմի տվյալով՝ նրանց թիվը գերազանցում է 200-ը: ՑԱԽԱԼ-ը վստահեցրել է՝ աշխատում են գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, սակայն դա ժամանակ կպահանջի: ՀԱՄԱՍ-ն էլ հայտնում է, որ պատրաստ են բաց թողնել գերիներին, եթե Իսրայելի բանտերում պահվող 6000 պաղեստինցի ազատ արձակվի: Շարժումը նաև պնդում է, որ գերիների հարցում առաջընթացին խանգարում է իսրայելական կողմը: