Ռուսաստանը ցանկանում է հեռացնել ինձ իշխանությունից. Զելենսկու հարցազրույցը The Sun թերթին

Ռուսաստանը ցանկանում է հեռացնել ինձ իշխանությունից. Զելենսկու հարցազրույցը The Sun թերթին



Վոլոդիմիր Զելենսկին բրիտանական The Sun թերթի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը հոգնել է մշտական օդային հարձակումներից, գնդակոծություններից, մարդկային և այլ կորուստներից, սակայն չի պատրաստվում հանձնվել:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո իր դեմ բազմիցս մահափորձ է կատարվել, որոնց հաշիվը ինքը կորցրել է: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը շատ է ցանկանում իրեն հեռացնել իշխանությունից։
«Ծրագրված վերջին գործողության ծածկանունը «Մայդան 3» է։ Այն ուղղված է նախագահին փոխելուն, և վերջնաժամկետը այս տարվա վերջն է։ Գուցե, դա սպանություն չէ, այլ նախագահին փոխելու ծրագիր»,- նշել է Զելենսկին:
Նա բացառել է հաջորդ տարի նախատեսված ընտրությունների անցկացումը՝ պնդելով, որ ռազմական դրության պայմաններում դա անօրինական է, և դրա անցկացումը անհնար է պատերազմի պատճառով, ինչպես նաև այն կպառակտի երկիրը:
Անդրադառնալով մարտական գործողություններին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ հակահարձակումը շարունակվում է, սակայն առաջընթացը մեծ չէ: «Մեզ ավելի հաջող արդյունքներ են պետք ռազմի դաշտում»,- հավելել է նախագահը:

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական ուժերն ավելի մեծ հաջողություններ են գրանցել Սև ծովում, քան ցամաքում: Նրա պնդմամբ, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների շարքը Ռուսաստանին ստիպել է իր Սևծովյան նավատորմը հետ քաշել դեպի արևելք՝ թույլ տալով Ուկրաինային միջանցք բացել հացահատիկի արտահանման համար: