Վերաբաշխումների սահմանաչափի բարձրացումը հնարավորություն է տալիս Կառավարությանը ավելի ճկուն լինել և հոգալ առաջնային ծախսերը. Վահե Հովհաննիսյան

Վերաբաշխումների սահմանաչափի բարձրացումը հնարավորություն է տալիս Կառավարությանը ավելի ճկուն լինել և հոգալ առաջնային ծախսերը. Վահե Հովհաննիսյան



Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: 
«Ինչպես գիտեք, 2023 թվականի սկզբից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում էին գտնվում ԼՂ բնակիչներ, որոնց համար Կառավարությունը հատկացրել էր կեցավայրեր, հիմնականում՝ հյուրանոցներում, և դրա հետ կապված մենք հավելյալ ծախսեր էինք ունեցել, և տարվա ընթացքում այդ կարիքը գնալով ավելի էր շատանում, որովհետև ապօրինի շրջափակումը շարունակվում էր, որը սեպտեմբերին հանգեցրեց բռնի տեղահանման: Մենք ընդհանուր առմամբ իրականացրել ենք այն վերաբաշխումները, որոնք անհրաժեշտ էին Կառավարությանը ընթացիկ ծախսերը պատշաճ իրականացնելու համար, սակայն այս գործոնով պայմանավորված, ինչպես գիտեք, արդեն որոշումներ ենք իրականացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար մեր հայրենակիցներին 100 հազար դրամ միանվագ աջակցություն տրամադրելու համար, 3 ամսվա համար՝ բնակարանային ապահովման համար, 2 ամսվա համար՝ առաջնային ծախսերը հոգալու համար, և այս ամբողջը միասին մոտավորապես կազմում է 40 միլիարդ դրամ»,- այս մասին բյուջեի նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթում ներառված առաջարկները խորհրդարանականներին ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ դրան գումարվում է կրթության, առողջապահության ծախսերի հարցը, ինչը մեծ ծախսեր է ենթադրում:
«Ակնկալում ենք, որ սրա հետևանքով կգերազանցենք մեր վերաբաշխումների սահմանաչափը, դրա համար խնդրել էինք, որ սահմանաչափը 3 տոկոսից դառնա 6 տոկոս»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ սահմանաչափի բարձրացումը մինչև 6 տոկոս չի նշանակում, որ այդ վերաբաշխումները հենց այդ չափով պետք է իրականացվեն, դա պարզապես հնարավորություն է տալիս Կառավարությանը ավելի ճկուն լինել և հոգալ առաջնային անհրաժեշտ ծախսերը:
«Մենք նաև հավելյալ վերաբաշխումներ ունենք՝ կապված սոցիալական ապահովության որոշ ծրագրերի, կենսաթոշակների հետ»,- ասաց նախարարը:

Հարակից զեկուցող, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը հայտնեց՝ հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: