ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի կնքումը: Հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերի ժամանակավոր հրադադարը կտևի չորս օր: Այդ ընթացքում Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածի բոլոր մասերում, ներառյալ՝ ռազմական տեխնիկայի տեղաշարժը:
Մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաները, ներառյալ՝ դեղորայքն ու վառելիքը, կկարողանան ազատ մուտք գործել Գազա։
Զինադադարի ընթացքում Գազայի հարավում կդադարեցվեն անօդաչու թռչող սարքերի թռիչքները: Հյուսիսում դրանք կարգելվեն տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 16:00-ը:
Զինադադարի ընթացքում Իսրայելը պարտավորվում է Գազայի հատվածի բոլոր տարածքներում չիրականացնել հարձակումներ կամ ձերբակալություններ։
ՀԱՄԱՍ-ն էլ ազատ է արձակելու 30 առևանգված երեխայի և 20 կնոջ։ Իսրայելական կողմը, իր հերթին, ազատ կարձակի մոտ 150 կնոջ և անչափահասի, որոնց սպանության մեղադրանք չի ներկայացվել: CNN-ը, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնում է, որ զինադադարը կարող է երկարաձգվել, եթե ազատ արձակված պատանդների թիվն ավելանա։ CNN-ը հաղորդում է նաև, որ դեռ պարզ չէ, թե պայմանագիրը ե՛րբ կմտնի ուժի մեջ։