Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ. Զախարովա

Մեզ չի զարմացնում Բաքվի կողմից Ֆրանսիայի գործողությունների նման կոշտ գնահատականը, այդ մասին հայտարարել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում Հարավային Կովկասում պատերազմի համար։
Հարցին, թե արդյոք Մոսկվան նման ռիսկեր արձանագրո՞ւմ է, Զախարովան նշել է.
«Ե՛վ Բաքվում, և՛ մի շարք այլ վայրերում հոգնել են Փարիզի կպչունությունից, որն անհաջող կերպով փորձում է վերականգնել իր քաղաքական հեղինակությունը Հարավային Կովկասում, ինչը բավականին խարխլված է նաև աշխարհի այլ մասերում:
Ցավոք, Հարավային Կովկասում անկայունության ռիսկերը պահպանվում են։ Այդ առումով Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է տարածաշրջանը կայունության, բարգավաճման գոտու վերածելու ուղղությամբ՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների և նրանց հարևանների շահերի հավասարակշռության վրա։
Այս տրամաբանությամբ փոխգործակցություն ենք կառուցում «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակի շրջանակում, աշխատում ենք Բաքվի և Երևանի հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
Բազմիցս ասել ենք, որ արևմտյան միջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նպատակները տարբեր են, նրանք ձգտում են Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական դիմակայության ևս մեկ թատերաբեմի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: