Իսրայելը չի բացառում, որ հրադադարը կարող է երկարաձգվել, եթե գերիների փոխանակումը շարունակվի 26.11.2023 . Միջազգային

Իսրայելը չի բացառում, որ հրադադարը կարող է երկարաձգվել, եթե գերիների փոխանակումը շարունակվի
		26.11.2023 . Միջազգային


ՀԱՄԱՍ-ը բաց է թողել գերիների առաջին խմբին: Գազայի հատվածից Իսրայել է տեղափոխվել 24 պատանդ՝ իսրայելցիներ և օտարերկրյա քաղաքացիներ։ Հրեական պետությանը փոխանցված պատանդների թվում ԱՄՆ քաղաքացիներ չեն եղել: Ջո Բայդենը հայտարարել է, որ տեղյակ չէ՝ երբ հնարավոր կլինի նրանց վերադարձնել գերությունից: Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման իրական հնարավորություն կա: Լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական բանտերից էլ ազատ է արձակվել 39 պաղեստինցի՝ 24 կին և 15 դեռահաս:

ՑԱՀԱԼ-ը հայտնել է՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների երկրորդ խմբի փոխանակման մասին: Ակնկալվում էր, որ ՀԱՄԱՍ-ը կազատի ևս 13 պատանդի՝ Իսրայելի բանտերում պահվող 39 անձի դիմաց։ Սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ փոխանակումը հետաձգվում է:

Իսրայելական կողմի տվյալով՝ այժմ Գազայի հատվածում 200-ից ավելի գերի կա: Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ զինվորականները չեն լքել Գազայի հատվածի դիրքերը և առաջիկայում կպատրաստվեն հումանիտար դադարից հետո ռազմական գործողությունների վերսկսմանը: Առայժմ Իսրայելը չի բացառում, որ հրադադարը կարող է երկարաձգվել, եթե գերիների փոխանակումը շարունակվի:

Իսրայելական կողմը տեղեկացրել է, որ չնայած հայտարարված հրադադարին՝ երկրում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված հրթիռի խոցման մասին: ԶԼՄ-ների տվյալով՝ պայթյուններ են լսվել նաև Գազայի հատվածում:

Մինչ այդ հրադադարի մասին պայմանավորվածության շրջանակում Եգիպտոսի Ռաֆահ անցակետով Գազայի հատված հումանիտար բեռներ, ինչպես նաև վառելիք և կենցաղային գազ է տեղափոխվել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վերագործարկել կենսական կարևորության ենթակառուցվածքները, այդ թվում՝ բուժհաստատությունները:

Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: