Հարավային Կովկասում խաղաղության կարելի է հասնել երկխոսության միջոցով. Սիյարտո

Հարավային Կովկասում խաղաղության կարելի է հասնել երկխոսության միջոցով. Սիյարտո


Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է՝ Բուդապեշտը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին: «Դրան կարելի է հասնել երկխոսության միջոցով։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում ժողովուրդների միջև երկարաժամկետ հաշտեցում կլինի»,- ասել է Պետեր Սիյարտոն։ Դիվանագետն անդրադարձել է Հարավային Կովկասում կարգավորման գործընթացում տարբեր դերակատարների միջնորդական ջանքերին: Նրա խոսքով՝ Հունգարիան և եվրոպական այլ երկրներ թույլ չեն տա Եվրամիությանը տարածաշրջանում այնպիսի գործունեություն ծավալել, որը կվնասի առանց այն էլ փխրուն իրավիճակը:

 

Սիյարտոն նաև նշել է, որ Հունգարիան շահագրգռված է Արևելք-Արևմուտք գործակցության զարգացմամբ. «Կենտրոնական Ասիան կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև: Ադրբեջանը շատ կարևոր դեր է խաղում նման գործակցության շրջանակում, այդ երկիրն առաջատար ուժ է տարածաշրջանում՝ Եվրոպա էներգակիրների անվտանգ մատակարարման առումով»,- հավելել է նախարարը: Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հնարավորինս շատ միջանցքներ պետք է բացվեն՝ նպաստելու առևտրատնտեսական գործակցությանը։

 

Հունգարացի դիվանագետը նաև դատապարտել է եվրոպական այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Կիևին, քանի որ, պաշտոնյայի խոսքով, ռազմական գործողությունների ճանապարհով խաղաղություն չի կարող հաստատվել: «Եվրոպացիները փակել են Ռուսաստանի հետ կապի ուղիները, մեր երկիրը միակն է, որ դրանք պահում է»,- ընդգծել է նախարարը: