Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցին:
«Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և իր հայ գործընկերոջ հետ: Քննարկվել են տարբեր հարցեր, նշվել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։
Իրանը պատրաստ է նպաստել այդ գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին, և կարևորում է երկրների տարածքային ամբողջականությունը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա»,- նշել է Քանանին։
Խոսելով Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման մասին՝ Քանանին ասել է, որ երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Իրանը պետք է հիմներ իր գլխավոր հյուպատոսությունը Կապանում, իսկ Հայաստանը՝ Թավրիզում, և այդ մասին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռ մի քանի տարի առաջ, ուստի Հայաստանը փոխադարձաբար կարող է հիմնել իր գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։