Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Եգիպտոսը և Հորդանանը ոչ հրապարակայնորեն պլան են պատրաստել Գազայի իրավիճակի կարգավորման և տարածաշրջանի հետպատերազմյան զարգացման համար ու ստացել են Միացյալ Նահանգների աջակցությունը: Սակայն Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ Իսրայելը չի հավատում նախաձեռնության հաջողությանը։
Նախաձեռնությունը, ըստ գործակալության, ներառում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, որին նրանք պատրաստվում էին ԱՄՆ միջնորդությամբ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մերձավորարևելյան հակամարտության սրումը։ Բացի այդ, արաբական երկրները պատրաստ են զգալի ֆինանսական օգնություն առաջարկել Գազայի հատվածի վերականգնման համար։ Այնուամենայնիվ, նրանք չեն ցանկանում մեծ ֆինանսական պարտավորություններ ստանձնել՝ առանց երաշխիքների, որ Իսրայելը չի ոչնչացնի Պաղեստինի վերականգնված ենթակառուցվածքը:
Արաբական հինգ երկրները պատրաստակամություն են հայտնել նաև վերապատրաստել պաղեստինյան անվտանգության ուժերին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ ապահովել անվտանգությունը: Վաշինգտոնը պնդում է, որ Գազայի հատվածը վերահսկեն պաղեստինցիները։ Իսրայելը, սակայն, պնդում է, որ մարտերի ավարտից հետո հենց հրեական պետությունը պետք է վերահսկի անվտանգությունը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։ Երկու անանուն պաշտոնյա լրատվական գործակալությանը հայտնել է, որ կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր չի լինի, քանի դեռ իշխանության ղեկին է վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կոալիցիան: