Իրանական IRIB լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրանում Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիի հետ հանդիպման ժամանակ հերքել է ադրբեջանական տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները։
Մուստաֆաևն Իրանն անվանել է Ադրբեջանի բարեկամական և եղբայրական երկիր։ Նա նաև կոչ է արել Իսլամական Հանրապետությանը նպաստել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռեզաին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա հակասում է միջազգային իրավունքին, նաև ընդգծել է, որ «Իրանն արժանի դիմադրություն է ցույց տվել այս պատերազմում»։
«Հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրի միջև համաձայնեցված տնտեսական նախագծերին, այդ թվում՝ «Արազի միջանցքի» ստեղծմանը, ջրային ռեսուրսների և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, սահմանային անվտանգությանը, ինչպես նաև ապրանքների և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարին», — ընդգծվում է հայտարարության մեջ։
