Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել գենդերի, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսությանը՝ «COP17-ին ընդառաջ գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման առաջխաղացումը Հայաստանում» խորագրով։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Քննարկմանը մասնակցել են աշխատանքի և բարեկեցության նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանն իր ելույթում կարևորել է գենդերային հավասարության սկզբունքների ինտեգրումը տարբեր ոլորտների քաղաքականություններում, ինչպես նաև կանանց հավասար մասնակցության և առաջնորդության ապահովումը բնական ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության պահպանության և որոշումների կայացման գործընթացներում։
Երկխոսության ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության կառավարման գործընթացներում գենդերային հավասարության ապահովման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման գործնական լուծումները։
Պետական և միջազգային գործընկերներն իրենց ելույթներում կարևորել են ՀՀ-ում գենդերային քաղաքականության ռազմավարությունը՝ որպես գենդերային խզվածքի հաղթահարման և հանրային կյանքի տարբեր ոլորոտներում կանանց առաջխաղացման առացնքային մեխանիզմ:
Քննարկումն ուղղված էր պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, համայնքների և միջազգային գործընկերների համագործակցության ամրապնդմանը՝ COP17-ին ընդառաջ կենսաբազմազանության կառավարման առավել ներառական և գենդերազգայուն քաղաքականությունների իրականացման նպատակով:
