Եվրամիության արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու շուրջ: Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում՝ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ քննարկումը կշարունակվի երկրների դեսպանների մակարդակով: Բորելը հավելել է, որ դրա վերաբերյալ որոշումը կարող է կայացվել մինչև ԱԳ նախարարների հաջորդ նիստը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին:
Ռուսաստանի իշխանությունների գնահատմամբ՝ արևմտյան երկրներում Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո սառեցվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլար: Գումարի մեծ մասը գտնվում է Եվրոպայում: Դրանց օգտագործման ծրագրերը Եվրամիության և ԱՄՆ իշխանությունները քննարկում են 2022 թվականից։