Հարձակում Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա. կա 3 զոհ, ավելի քան 30 վիրավոր 29.01.2024 . Միջազգային

Հարձակում Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա. կա 3 զոհ, ավելի քան 30 վիրավոր
		29.01.2024 . Միջազգային


Հորդանանի հյուսիս-արևելքում` սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող ամերիկյան նյութատեխնիկական ուսումնական բազան ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել: 3 ամերիկացի զինծառայող զոհվել է, 34-ը` վիրավորվել, այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը:

«Թեպետ դեռ փաստեր ենք հավաքում այս հարձակման վերաբերյալ, մենք գիտենք, որ այն իրականացվել է Իրանի աջակցությունը վայելող ծայրահեղական զինյալ խմբերի կողմից, որոնք գործում են Սիրիայում ու Իրաքում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` խոստանալով բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել «այն ժամանակ և այնպես», ինչպես իրենք կորոշեն:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը միացել է այդ խոսքերին: Ենթադրվում է, որ վիրավորների թիվը կարող է ավելանալ: Ութ զինծառայող տարհանվել է Հորդանանից` ավելի բարձր մակարդակի բուժօգնություն ստանալու համար:

Հորդանանում ԱՄՆ բազայի ուղղությամբ հարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»: Կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումը «եղել է պատասխան Իրաքում ԱՄՆ օկուպացիոն ուժերին և Իսրայելի կողմից զանգվածային սպանություններին»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը որևէ առնչություն չունի հարձակման հետ՚

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին