Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Эксперт ամսագրի հետ հարցազրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունում ՀՆԱ-ի աճին:
«2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով, Ղրղզստանինը՝ 6,3 տոկոսով, 2023 թվականին ՀՆԱ-ի լավ դինամիկա է գրանցվել բոլոր հինգ երկրում: 2024 թվականի կանխատեսումը նույնպես լավատեսական է՝ ավելի քան 2,5 տոկոս աճ ամբողջ միության համար»,- ասել է փոխվարչապետը։ Օվերչուկը բացատրել է, որ այդ արդյունքը պայմանավորված է բազմաթիվ գործոնների միավորմամբ:
«Մաքսային և այլ խոչընդոտների բացակայությունը, ընդհանուր աշխատաշուկան նպաստում են Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներդրումային ներուժի բացահայտմանը: Բելառուսի զարգացման վրա, բացի ԵԱՏՄ-ից, ազդում է նաև նրա անդամակցությունը Միութենական պետությանը»,- ասել է նա և հավելել.
«2021-2022 թվականներին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների գրեթե հնգապատիկ աճ է գրանցվել՝ 867 միլիոն դոլարից հասնելով 4 միլիարդ 385 միլիոն դոլարի, հաշիվների բացման պատճառները, ի թիվս այլ բաների, եղել են միջազգային վճարային համակարգերի հասանելիությունը: Զգալիորեն աճել են նաև դրամական փոխանցումները Ղրղզստան՝ 2 միլիարդ 131 միլիոն դոլարից հասնելով 3 միլիարդ 168 միլիոն դոլարի»։
Այդ ծավալների աճին, ըստ փոխվարչապետի, նպաստել են աշխատանքային միգրանտների, և ոչ միայն վերաբնակիչների փոխանցումները։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին